Վարորդական վկայականի ստացման նոր օրենքները 2026-ին
23.09.2026

Այս տարի ՀՀ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ակտիվորեն սկսել է բարեփոխումներ իրականցնել վարորդական վկայականի ստացման քննական կարգում, ինչի արդյունքում մի շարք նոր օրենքներ արդեն մտել են ուժի մեջ, իսկ որոշները նախատեսվում են օրենքի ուժ ստանալ մոտ ապագայում։ Մասնավորապես արդեն գործում են տեսական քննության թարմացված հարցաշարն ու արդյունքների վավերականության նոր ժամկետները, իսկ առաջիկայում նախատեսվում են ավտոդպրոցների պարտադիր ուսուցման և հրահանգիչների ատեստավորման նոր պահանջներ:
Այս հոդվածում առանձնացրել ենք այն բոլոր փոփոխությունները, որոնք արդեն ուժի մեջ են, ինչպես նաև այն օրենսդրական նախագծերը, որոնք դեռ սպասվում են առաջիկայում։
Ի՞նչ է արդեն փոխվել տեսական քննության կարգում
Վարորդական վկայական ստանալու տեսական քննության ընթացիկ փոփոխությունները, որոնք ներդրվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից, վերաբերում են հարցաշարերի վերախմբավորմանը և արդյունքների պահպանման ժամկետին․ Հիմնական փոփոխություններն են․
Քննական հարցաշարերի վերախմբավորումն ըստ կարգերի
Թեստային հարցերն այժմ հստակ առանձնացված են ըստ տրանսպորտային միջոցների կարգերի՝ A, B, C, ինչպես նաև D և T (հասարակական տրանսպորտ)։ Սա նշանակում է, որ դիմորդները ստուգվում են բացառապես իրենց նախընտրած կարգին առնչվող կանոններով։
Կարևոր է նշել, որ քննական բազայում ամբողջությամբ նոր կամ չհրապարակված հարցեր չեն ավելացվել:
Խմբագրված հարցաշարերը դեռևս հասանելի չեն, դրանք պետք է հրապարակվեն Հայաստանի Ներքին գործերի նախարարության կողմից։
Քննության դրական արդյունքի վավերականության երկարաձգում․
Կարևոր նորություններից է նաև այն, որ տեսական քննության դրական արդյունքն այժմ վավեր է 2 տարի ժամկետով՝ նախկին 1 տարվա փոխարեն։ Սա դիմորդներին ավելի շատ ժամանակ է տալիս գործնական (վարման) քննությանը պատրաստվելու և այն հանձնելու համար։
Ի՞նչ է սա նշանակում, եթե պատրաստվում եք քննությանը հիմա
- Որոշեք ձեր կարգը․ Նախքան քննությանը պատրաստվելը ուշադիր ստուգեք, թե որ կարգի համար եք քննություն հանձնում։
- Օգտվեք միայն պաշտոնական աղբյուրներից․ Քննությանը պատրաստվելիս հիմնվեք պաշտոնական հարցաշարերի վրա, այլ ոչ թե երրորդ անձանց հնացած թեստային բազաների։
- Ստուգեք թարմացումները․ Պաշտոնական հարցաշարերին ծանոթանալու համար հետևեք ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքին:
Որո՞նք են նախատեսվող փոփոխությունները
Շրջանառության մեջ մտած փոփոխությունների առանցքում որակյալ կրթությունն է: ՆԳՆ առաջարկած նախագծով նախատեսվում է վարորդական իրավունք ստանալու ողջ գործընթացում ներդնել պարտադիր ուսուցման համակարգ, մասնավորապես կարևորվում են հետևյալ կետերը․
1․ Կրթությունը՝ որպես առաջին կարևոր պարտադիր քայլ
Ըստ նոր ներդրվող ծրագրի վարորդական իրավունքի տեսական քննության մասնակցության իրավունք կստանան միայն ավտոդպրոցում հապատասխան վարորդական կրթություն ստանալուց հետո։ Ինքնուսուցմամբ քննության ներկայանալու ձևաչափը դուրս է մղվում:
2․ Լիցենզավորումը՝ որպես որակյալ կրթության հիմք
Կրթության պարտադիր դառնալն իր հերթին հանգեցնում է վերջինիս որակի ապահովման անհրաժեշտությանը։ Ինչը նշանակում է, որ այսուհետ ապագա վարորդներ կրթելու հնարավորություն կունենան միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն, ովքեր կհամապատասխանեն սահմանված պահանջներին և կունենան համապատասխան լիցենզավորումը։
3․ Հրահանգիչները՝ որպես կրթության ապահովման կարևոր օղակ
Բացի ավտոդպրոցների լիցենզավորումից, կարևոր է դառնում նաև այնտեղ յուրաքանչյուր դասավանդողի մասնագիտական պատրաստվածությունն ու զինվածությունը, քանի որ հենց նրանք են հանդիսանում ապագա վարորդների հետ անմիջական կապի ստեղծողները։
4․ Վարկանշավորումը՝ որպես որակի շարունակական բարելավման շարժիչ
Շարունակական բարելավման և որակի բարձրացման գրավականն այս դեպքում կդառնա ուսուցում իրականացնողների ռեյտինգավորումը, ինչի շնորհիվ ապագա վարորդներին կտրվի թափանցիկ և մտածված ընտրության հնարավորություն։
Ի՞նչ ազդեցություն կունենան փոփոխությունները շուկայի վրա․
Այս բոլոր բարեփոխումները պահանջում են մեծածավալ ներդրումներ ավտոդպրոցների կողմից, ինչն ինքնին կհանգեցնի ուսուցման գների որոշակի աճի։ Սակայն մյուս կողմից՝ շուկան կզտվի անորակ ծառայություններ մատուցողներից, իսկ դիմորդը վճարած գումարի դիմաց կստանա իրական, որակյալ գիտելիքներ՝ նպաստելով ճանապարհներին ավելի անվտանգ երթևեկությանը։
Այսպիսով՝ վերախմբավորված հարցաշարերն արդեն գործում են, իսկ պարտադիր կրթության համակարգն շրջանառության մեջ է։
Ամփոփելով կարելի է ասել, որ վարորդական վկայականի ստացման կարգը դեռևս գտնվում է ակտիվ բարեփոխումների ընթացքում։ Այդ իսկ պատճառով էլ դիմորդներին հորդորում ենք պարբերաբար հետևել պաշտոնական թարմացումներին և ծանուցումներին։
Կարևոր է հիշել՝ վարորդական վկայական ստանալն ընդամենը առաջին քայլն է․
Երբ գա սեփական ավտոմեքենան ընտրելու ժամանակը, կարող եք ծանոթանալ ՄՈԳՈ-ի ավտովարկավորման պայմաններին՝ ձեր նախընտրած մեքենան հեշտությամբ ձեռք բերելու համար։
Հաճախ տրվող հարցեր վարորդական վկայականի ստացման վերաբերյալ
1․ Ե՞րբ են ուժի մեջ մտել տեսական քննության կարգի փոփոխությունները Հայաստանում։
Տեսական քննության հարցաշարերի վերախմբավորման փոփոխություններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 1-ից։ Մնացյալ բարեփոխումները ուժի մեջ կմտնեն առաջիկայում։
2. Ավելացվե՞լ են արդյոք նոր հարցեր տեսական քննության հարցաշարում։
Ո՛չ, քննական հարցաշարերում ամբողջությամբ նոր կամ չհրապարակված հարցեր չեն ավելացվել։ Փոփոխությունը վերաբերում է միայն առկա հարցերի վերախմբավորմանը և ըստ տրանսպորտային միջոցների կարգերի (A, B, C, D, T) ճիշտ բաշխմանը։
3. Ավտոդպրոցում պարտադիր ուսուցումն արդեն պարտադի՞ր է քննություն հանձնելու համար։
Ո՛չ, ավտոդպրոցների պարտադիր ուսուցման համակարգը դեռևս ներկայացված է որպես օրենսդրական նախագիծ և գտնվում է սպասվող բարեփոխումների փուլում։
4. Որքա՞ն ժամանակ է վավեր տեսական քննության դրական արդյունքը։
Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո ստացված դրական արդյունքը վավեր է 2 տարի ժամկետով, որի ընթացքում դիմորդը կարող է հանձնել գործնական (վարման) քննությունը։