Վանաձորում վերաբացվեց ՄՈԳՈ-ի վերանորոգված մասնաճյուղը․ ավելի ժամանակակից պայմաններ և նոր ֆինանսական լուծումներ
01.06.2026

ՄՈԳՈ-ն շարունակաբար ընդլայնում և արդիականացնում է իր մասնաճյուղային ցանցը Հայաստանում։ Այս անգամ ընկերությունը վերաբացել է Վանաձորի վերանորոգված մասնաճյուղը՝ հաճախորդներին առաջարկելով ավելի հարմարավետ, ժամանակակից և բարձրակարգ սպասարկման պայմաններ։
Ֆինանսաբանկային ոլորտում թվային լուծումների ակտիվ զարգացման պայմաններում ընկերությունը շարունակում է կարևորել նաև ֆիզիկական մասնաճյուղերի դերը՝ վստահ լինելով, որ որակյալ սպասարկումը պետք է զգացվի ոչ միայն առցանց հարթակներում, այլև հաճախորդի անմիջական փորձառության ընթացքում։
ՄՈԳՈ ՈւՎԿ մարքեթինգի բաժնի ղեկավար Սպարտակ Պետրոսյանի խոսքով՝ ընկերության նպատակն է, որպեսզի հաճախորդը մասնաճյուղ մուտք գործելիս անմիջապես զգա միջազգային կազմակերպության մակարդակի սպասարկում և միջավայր։
«Մեզ համար կարևոր է, որ հաճախորդը մասնաճյուղ մտնելիս հասկանա, որ մտել է միջազգային կազմակերպություն և զգա բարձր սպասարկման որակը ոչ միայն մեր մասնագետների կողմից, այլ նաև ստեղծված պայմանների շնորհիվ»։
Վանաձորի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի
Վանաձորի մասնաճյուղը կարևոր դեր ունի ընկերության տարածաշրջանային գործունեության մեջ։ Այն սպասարկում է ոչ միայն Լոռու մարզի, այլև հարակից մարզերի հաճախորդներին՝ ապահովելով ֆինանսական ծառայությունների ավելի լայն հասանելիություն։
ՄՈԳՈ ՈւՎԿ կոմերցիոն վարչության ղեկավար Տաթև Սափեյանը նշում է, որ վերաբացումը պայմանավորված է ինչպես տեխնոլոգիական զարգացումներով, այնպես էլ հաճախորդներին ավելի որակյալ ֆինանսական լուծումներ տրամադրելու նպատակով։
«Մեր ընկերությունը կարևորում է բոլոր մարզերում մեր հաճախորդներին հասանելի լինելը։ Վանաձորում մենք վաղուց ենք ունեցել մասնաճյուղ, իսկ վերաբացումը պայմանավորված է նոր տեխնոլոգիաների զարգացման և հաճախորդներին ավելի որակյալ ֆինանսական լուծումներ տրամադրելու անհրաժեշտությամբ»։

ՄՈԳՈ-ն զարգացնում է նաև անգրավ վարկավորման ուղղությունը
Տարիներ շարունակ ՄՈԳՈ-ն առավել հայտնի էր ավտոմեքենայի գրավով վարկերի տրամադրմամբ, սակայն այժմ ընկերությունը ակտիվորեն զարգացնում է նաև անգրավ վարկավորման ոլորտը։
Այս պահին ընկերությունը տրամադրում է մինչև 1 միլիոն դրամի անգրավ վարկեր, իսկ գործընթացը դեռևս իրականացվում է մասնաճյուղերում։ Միաժամանակ, կազմակերպությունն աշխատում է նոր թվային լուծումների ներդրման ուղղությամբ։
Սպարտակ Պետրոսյանի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է մինչև տարվա վերջ գործարկել նաև սեփական հավելվածը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ստանալ ակնթարթային վարկեր։
«Այս պահին հնարավոր է վարկը վերջնականորեն ձևակերպել և ստանալ միայն մասնաճյուղերում, բայց ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի այս տարվա ընթացքում գործարկենք մեր հավելվածը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ստանալ ակնթարթային վարկեր»։
Նրա խոսքով՝ անգրավ վարկերի տրամադրման ծավալներն արդեն աճում են ընկերության բոլոր մասնաճյուղերում, իսկ որոշ դեպքերում պայմանները նույնիսկ ավելի մրցունակ են, քան շուկայում գործող այլ կազմակերպությունների առաջարկները։
Սլայդեր․ ՄՈԳՈ-ի նոր թալիսմանը
ՄՈԳՈ-ն ներկայացրել է նաև իր նոր թալիսմանը՝ Սլայդերին, որը խորհրդանշում է կազմակերպության արագ և ճկուն ֆինանսական լուծումները։
Ընկերությունն արդեն թողարկել է երկու գովազդային հոլովակ Սլայդերի մասնակցությամբ, իսկ առաջիկայում կերպարը հասանելի կլինի ոչ միայն թվային հարթակներում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում։
ՄՈԳՈ-ի ընդլայնումը Հայաստանում շարունակվում է
Վանաձորի մասնաճյուղի վերաբացումը ընկերության ընդլայնման ռազմավարության մի մասն է։ Վերջերս ՄՈԳՈ-ն նոր մասնաճյուղ է բացել նաև Մեգամոլ առևտրի կենտրոնում, իսկ Գյումրիի մասնաճյուղը վերաբացվել է վերանորոգումից հետո։
Այսօր ՄՈԳՈ-ն գործում է 14 երկրում և շարունակում է ներդնել նոր տեխնոլոգիական ու հաճախորդակենտրոն լուծումներ՝ նպատակ ունենալով ապահովել արագ, ճկուն և հասանելի ֆինանսական ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերում։